Հարկավոր է այնպիսի ուժեր, որ բոլոր պոտենցիալ հակառակորդները հասկանան՝ մեզ հետ կռվի բռնվելն իմաստ չունի
Նրա խոսքով՝ դա բարոյական, ինտելեկտուալ, հոգեբանական ահռելի ուժ պահանջող գործունեություն է սպայի ծառայությունը։ «Այսօր ձեր ներկայությունն այս հրապարակում վկայում է, որ դուք կայացրել եք որոշում, ունեք սեփական ուժերի նկատմամբ բավարար վստահություն, որ կարող եք կրել ահա այդպիսի անկրելի թվացող բեռ:

Լինել սպա, լինել հրամանատար, նշանակում է, երբեմն, այնպիսի գործողությունների ուղարկել սեփական ենթականերին, որտեղից վերադառնալու հավանականությունը մեծ չէ: Լինել սպա նշանակում է անվերապահորեն ստանձնել այդպիսի հանձնարարությունների կատարումը, որոնցից վերադառնալու հնարավորությունը մեծ չէ:
Սա նշանակում է, որ յուրաքանչյուր հրամանի ձևակերպում առանձնակի պատասխանատվություն է պահանջում ձեզնից յուրաքանչյուրից, որովհետև հրամանները պետք է լինեն խելամիտ, արդարացված, իրավիճակի ճշգրիտ գնահատականից բխող և պետք է լինեն այնպիսին, որ ծառայեն ՀՀ զինված ուժերին ՀՀ-ին և նրա ժողովրդին»,- շեշտեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե դա նշանակում է, որ յուրաքանչյուր սպայի հեղինակությունը շատ ավելի բարձր պետք է լինի, քան նրա ուսադիրների զինվորական նշանակությունը. «Ավելին՝ ուսադիրների արժեքը մեծանում է յուրաքանչյուր սպայի նկատմամբ ենթակաների ունեցած հարգանքով, և այդ հարգանքը մի ձեռքբերում է, որը ձեզնից յուրաքանչյուրը վաստակելու է և արդեն իսկ վաստակել է իր ծառայությամբ, ուրիշների նկատմամբ ունեցած իր հարգանքով, սեփական անձի նկատմամբ ունեցած բացառիկ հարգանքով, սեփական հայրենիքի և ժողովրդի նկատմամբ ունեցած բացառիկ հարգանքով:
Եվ ահա այս դժվար ճանապարհն անցնելու ձեր հանձնառությունը մաղթում եմ, որ լինի առավել արդյունավետ, առավել հաղթական մեր երկրի, մեր ժողովրդի և ձեզնից յուրաքանչյուրի համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: